Լոռիում վարելահողերի օգտագործման մակարդակը բարձրացել է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով
մեկնել է Լոռու մարզ` Մեծ Պարնի և Տաշիր համայնքներում ընթացող հացահատիկի և կտավատի բերքահավաքի աշխատանքներին հետևելու նպատակով:
ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակն ու այս տարի ոլորտում գրանցված հաջողությունները:
Մեծ Պարնիի համայնքապետ Գագիկ Պալյանը տեղեկացրել է, որ համայնքի 1556 հեկտար վարելահողերից մշակվում է ավելի քան 1350-ը, առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է մնացած անջրդի հողատարածքներում ևս ցանք իրականացնել: Բացի ցորենից, համայնքում մշակվում են հնդկացորեն, գարի, հաճար, կտավատ, ոլոռ, ոսպ և այլ մշակաբույսեր: Նրա խոսքով` 2014 թվականին համայնքում ստեղծվել է «Մեծ Պարնիի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվը, որը ձեռք է բերել 4 միավոր գյուղտեխնիկա և 10 կցորդիչ, համայնքում գործում է նաև կաթի հավաքման կետ:
«Մենք միջոցներ կձեռնարկենք գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում գյուղատնտեսական սարքավորումների ցանկը համալրելու ուղղությամբ, որպեսզի վերջնական արտադրանք ստանալու համար գյուղացիներն ապահովված լինեն նորագույն տեխնիկայով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ներկայացնելով Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը` մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ տարեց տարի մարզում ավելանում են ցանքատարածությունները և վերջին հինգ տարիների ընթացքում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի:
Այցի շրջանակում նախարարը եղել է Տաշիր համայնքի «Բոզոյան» ՍՊԸ-ի հացահատիկի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի աշխատանքների ընթացքին:
Ընկերության հիմնադիր Արամայիս Բոզոյանի տեղեկացմամբ, ընկերությունն այս պահին առավել քան 2000 հետկարի վրա զբաղվում է հիմնականում ցորենի և այլ հացահատիկի արտադրությամբ, ընթացիկ տարում բերքատվությունը կազմելու է հեկտարից շուրջ 2 տոննա, ինչը պայմանավորված է ապրիլ ամսին տեղի ունեցած ցրտահարությամբ: Որպես հացահատիկի մշակությամբ զբաղվող խոշորագույն ընկերություն` պատրաստ է հարկ եղած դեպքում հանրապետությանն ապահովել սերմացու ցորենով: Նրա համոզմունքով՝ մշակությունը ճիշտ կազմակերպելու դեպքում ցորենի մշակումը շահավետ է:
Տաշիրում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ում: Տնօրեն Ռուբեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունում տարեկան վերամշակվում է մոտ 3500 տոննա կաթ, մինչև 2020 թվականը նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել մինչև մոտ 4000 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան