Հայ-իսրայելական հարաբերություններին ԱԹՍ է հարվածել. Կոմերսանտ
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Արցախում ադրբեջանական կողմի ցուցաբերած ագրեսիայի ժամանակ իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) կազմակերպության ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը և ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել այս առնչությամբ:
Պարբերականն ընդգծել է, որ չնայած հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իսրայելական «Մաարիվ» թերթը հերքել է իր կողմից տարածված վերոնշյալ լուրը, սակայն «Կոմերսանտը» պարզել է, որ «դա այդպես չէ, և Իսրայելի հեղինակության համար կարևոր այդ հարցը բաց է մնում»:
Պարբերականը մանրամասն ներկայացրել է իսրայելցի լրագրող Յոսի Մելմանի հեղիանակած հոդվածը, և դրա վերաբերյալ հարցում է ուղղել Ադրբեջանի ՊՆ, սակայն այնտեղից «Կոմերսանտ»-ի հարցումն արձագանք չի գտել:
Անդրադառնալով Հայաստանում Իսրայելի դեսպանի այն հայտարարությանը, թե «Մաարիվը» հերքել է իր իսկ կողմից հրապարակված տեղեկատվությունը, պարբերականն ընդգծել է, որ այն սխալ է հաղորդվել. «Հայաստանում Իսրայելի դեսպանատնից «Կոմերսանտին» հայտնեցին, որ պարոն Երուշալիմը չի ասել , թե «Մաարիվը» հերքել է սեփական տեղեկատվությունը, նա նկատի է ունեցել, որ ADS-ն հրապարակված տեղեկությունն իրականության հետ չհամապատասխանող է համարում»:
ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ Ստեփանակերտում նույնպես ստուգում են իսրայելական մամուլի տեղեկությունը, սակայն արդյունքներ դեռևս չկան։
«Այդպիսի տեղեկությունն ու պնդումները մեզ մոտ անհանգստություն են առաջացնում։ Եթե դրանք հաստատվեն, ապա պետք է դրան հետևի միջազգային հանրության հստակ և միանշանակ արձագանքը»,- պարբերականին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։
Կայքը հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Իսրայելը և Ադրբեջանը ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության ընթացքում կնքել են մոտ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ նշելով, որ դրանց մեծ մասն արդեն իրականացվել է: Ռազմատեխնիկական ոլորտում Մոսկվայի և Բաքվի միջև իրականացված պայմանագրերի ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում գնահատվում է ավելի քան 4 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան