Հետազոտություն՝ ինչպես են քաղաքականությունն ու օրենսդրությունը պաշտպանում զինվորների իրավունքները
«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակվել է «Զորակոչը և առողջության իրավունքը» երկրորդ հետազոտությունը, որի նպատակն է ներկայացնել ժամկետային զինծառայողների առողջության իրավունքների առանցքային կետեր, պարզել ծառայության ընթացքում նրանց առողջության իրավունքների իրացման հնարավորություններն ու սահմանփակումները:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի անդամ Աննա Իշխանյանը գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետազոտությունում ներկայացնում են այն խնդիրները, որոնք կարող են ունենալ զինվորական ծառայություն մեկնողները:
Ըստ նրա՝ իրենց ՀԿ-ն նպատակադրվել էր վեր հանել Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների առողջության իրավունքի հետ կապված խնդիրները, ապա վերլուծական աշխատանքից հետո, կազմակերպության հետազոտական թիմը եկել է այն եզրահանգման, որ ցանկալի արդյունքը կստացվի որակական և քանակական մեթոդների զուգակցմամբ: Սակայն տվյալ մեթոդները կիրառվել են ոչ թե զուգահեռ, այլ՝ հաջորդաբար: Ուսումնասիրության առաջին փուլում կիրառվել է որակական հետազոտություն, որի հիմքում եղել են ֆոկուս խմբերի քննարկումները և հարցազրույցները: Ստացված տեղեկության հիման վրա ստեղծվել է հարցաշար, որն օգտագործվել է ծրագրի երկրորդ փուլում՝ քանակական հետազոտության շրջանակներում:
«Մենք առաջին գրքում արել ենք որակական հետազոտություն՝ հասկանալու համար, թե զինծառայողներն առողջության հետ կապված ինչ խնդիրներ ունեն, երկրորդ հետազոտությունում ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք բացահայտվել են: Հիմա դրանց հիման վրա հարցաթերթիկներ ենք կազմել, որոնց պատասխանել են 200 զորացրված զինծառայող»,- ասաց Աննա Իշխանյանը:
Ըստ նրա՝ սոցիոլոգիական հետազոտության նպատակն է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող կամ ծառայությունն ավարտած պարտադիր և պայմանագրային զինծառայողների առողջության իրավունքի իրացման հետ կապված ներկա պրակտիկան: Այսպիսով, փորձ է արվում ներկայացնել ոլորտում տիրող իրավիճակի պարզունակ պատկերը և վերլուծությունն այն մասին, թե իրականում ինչպես են քաղաքականությունն ու օրենսդրությունը պաշտպանում զինվորների իրավունքները:
Աննա Իշխանյանի խոսքերով՝ իրենք համագործակցում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ և ակնկալում են, որ համագործակցությունը կշարունակվի: «Մենք առաջարկություններ ենք ներկայացրել պաշտպանության նախարարությանը և շատ կարևորում ենք, որ երկխոսություն լինի պաշտպանության, առողջապահության նախարարությունների և հասարակական սեկտորի միջև»,- նշեց նա:
Անդրադառնալով խնդիրներին՝ Աննա Իշխանյանն ասաց, որ հետազոտության ընթացքում հարցվածները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք զինվորի առողջության համար շատ կարևոր են: Օրինակ, դրանք վերաբերում են դիրքերում սննդի որակին, մարտական հենակետերում ջրի բացակայությանը: «Օրինակ՝ դիրքեր ջուրը բերում են մեքենայով, երբեմն դա ուշացնում են, ինչը կարող է սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ առաջացնել: Մենք փորձում ենք հասնել նրան, որ առկա խնդիրները հնարավորինս լուծվեն, ուստի ակնկալում ենք, որ ՊՆ-ի հետ մեր համագործակցությունը կշարունակվի և արդյունք կտա»,- ասաց ՀԿ-ի ներկայացուցիչը:
Կարևոր առաջարկներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ զինծառայողները զորացվելուց հետո էլ անցնեն բուժզննում, որպեսզի տեսնեն, թե զորակոչված երիտասարդը զորացրվելուց առաջ ու հետո ինչ առողջական խնդիրներ ունի: «Մենք առաջարկում ենք, որպեսզի զորացվելուց հետո զինծառայողները վեց ամիս ստանան անվճար բուժօգնություն»,- ընդգծեց Աննա Իշխանյանը:
Նշենք, որ տեղի ունեցավ նաև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդի շնորհանդես, որը սեպտեմբերից ցուցադրվելու է մարզային հեռուստաընկերություններով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ