ԱԺ-ում կքննարկվի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Հայաստանը հետաքրքրված է Բալկանյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, սակայն Բոսնիա և Հերցեգովինայի հետ համագործակցությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակիի հետ հանդիպմանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի հաղորդմամբ՝ Բաբլոյանը հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարի այցը կակտիվացնի միջպետական երկխոսությունը:
Արա Բաբլոյանը, կարևորելով երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հաստատումը, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կքննարկվի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Հավասարապես ցավում եմ երկու կողմերի կորուստների համար, որոնք անիմաստ են, քանի որ դեռ չկա դիվանագիտական լուծում: Հայաստանը ձգտում է տարածաշրջանում հաստատել և պահպանել բարիդրացիական հարաբերություններ»:
Կարևորելով հարաբերությունները տարածաշրջանում՝ Իգոր Ցրնադակն անդրադարձել է իր երկրում քառամյա պատերազմից հետո խաղաղության և քաղաքական հավասարակշռության հաստատմանը:
Նախարարը, ընդգծելով երկու երկրների համար էլ հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, նշել է. «Մենք գիտենք, թե ինչ է հակամարտությունը, և մեր սկզբունքն ունենք ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կբխի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի շահերից»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարները պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը
- Հույս ունենք՝ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի ի շահ այնտեղ ապրող ժողովրդի. Բոսնիա և Հերցոգովինայի ԱԳ նախարար
- Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի դիվանագետների համար սահմանվել է առանց վիզային ռեժիմ
- Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ գործընկերության վրա հիմնված հարաբերությունները. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին