Փաստաբան. Վարչական դատարանից ակնկալիքներ չունեմ
Փաստաբանների պալատի երկու անդամներ Տիգրան Աթանեսյանն ու Արթուր Գրիգորյանը դիմել են վարչական դատարան, որով պահանջում են առ ոչինչ ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի որպես իրավաբանական անձի պետական գրանցումը:
Յոթ օրվա ընթացքում դատարանը կպատասխանի փաստաբաններին՝ վարույթ ընդունում է դիմումը, թե՞ ոչ: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ դատարանը վարույթ չի ընդունելու:
«Վարչական դատարանից ես ոչինչ չեմ ակնկալում, ակնկալիքները միգուցե կարող են լինել կամ Սահմանադրական դատարանից, կամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից»,-ասաց նա:
Անդրադառնալով դիմումի ներկայացման պատճառներին ու նպատակներին, Աթանեսյանը նշեց, որ դատարան դիմելը հանուն փաստաբանության փրկության պայքարի միջոցներից մեկն է:
«Ես ու իմ կոլեգաները բազմիցս հայտարարել ենք, որ պայքարելու ենք մինչև վերջ՝ փաստաբանությունը փրկելու համար: Սրանք լոկ խոսքեր չեն, մենք Հայ ազգային կոնգրես չենք»,-ասաց Տ. Աթանեսյանը:
Փաստաբանի կարծիքով, մի օր շուտ պետք է կազմալուծել այդ կառույցը, այնուհետև ստեղծել ամբողջովին նոր սկզբունքների վրա կառուցված փաստաբանական միավորում կամ միավորումներ:
Նա համարում է, որ փաստաբանների պալատը ոչ միայն խանգարում է, այլև ոչնչացնում է փաստաբանությունը:
Հարցին, թե պալատի նախագահի առաջիկա ընտրություններում ինչո՞ւ չառաջադրվեց Աթանեսյանը՝ ներկայացնելով կառույցի բարեփոխման, փրկելու իր ծրագիրը, նա նշեց. «15-20 պատճառ կա, նշեմ մի քանիսը: Ես ասում եմ, պալատը հիվանդ կառույց է, և եթե առաջադրվեմ, ինքս ինձ կհակասեմ, չեմ պատրաստվում հիվանդ կառույց ղեկավարել: Իմ պայքարը պաշտոնի համար չէ, ես փաստաբան եմ, և երջանիկ եմ դրանով»:
Փաստաբանի կարծիքով, եթե պալատն իսկապես առողջ կառույց լիներ, ապա պալատի 1800 անդամներից գոնե 10-15 թեկնածու պետք է լիներ: