Շոկոլադի արտադրությամբ զբաղվող նոր գործարանն Արագածոտնում նոր աշխատատեղեր կստեղծի
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետը նշել է, որ այս տարվա ընթացքում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը անբավարար գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը:
Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արագածոտնում նշված ուղղություններով իրականացվում են տարբեր ծրագրեր՝ վստահեցնելով, որ դրանք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: Որպես արդյունավետության օրինակ՝ նշվել է, որ վերջերս մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100 հազար դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3,3 մլն դրամ:
Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա: Վստահ եմ, որ այս ծրագրերով մեր գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել մարզի համայնքների սեփական եկամուտների աճի տեմպերից, միաժամանակ շեշտել, որ համայքների միջև համեմատականը ցույց է տվել կարգապահության բարձրացման խնդրի առկայություն:
«Ֆինանսական առումով մարզի ցուցանիշներն ու աճի տեմպերը գոհացուցիչ են: Ուրախալի է նաև, որ ոլորտի պատասխանատուները գիտեն յուրաքանչյուր համայնքի ուժեղ և թույլ կողմերը, ինչը կնպաստի ֆինանսական կարգապահության ապահովմանը», - ասել է վարչապետը:
Վարչապետին զեկուցվել են նաև Արագածոտնի մարզում բիզնես ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Արագածոտնի մարզ այցի շրջանակում վարչապետ Կարապետյանն այցելել է նաև Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ֆերմերային տնտեսության գործունեությանն ու շոկոլադի արտադրության ծրագրերին:
Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլ արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին