58 երկրներ կհամատեղեն ուժերը՝ կանգնեցնելու խոշտանգումների համար օգտագործվող ապրանքների առևտուրը
Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա շրջանակներում մեկնարկել է Խոշտանգումներից ազատ առևտրի միջազգային դաշինքը, որին միացել է նաև Հայաստանը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, որ նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Արգենտինայի և Մոնղոլիայի համատեղ ջանքերով և ընդհանուր թվով 58 մասնակից երկների մասնակցությամբ: Այն նպատակ ունի դադարեցնել մահապատիժ և խոշտանգումներ իրականացնելիս օգտագործվող ապրանքների առևտուրը:
Միջազգային իրավունքը բացարձակ արգելք է սահմանում խոշտանգումների նկատմամբ, բոլոր հանգամանքներում։ Այդուհանդերձ ֆիզիկական ցավ պատճառելու և մահ առաջացնելու գործիքների վաճառքն ամբողջ աշխարհում շարունակվում է: Դրանցից են մետաղե ցցերով մահակները, հոսանքահարող (էլեկտրաշոկ) գոտիները, մարմնով անձի մարմնով էլեկտրական հոսանք բաց թողնելու նպատակով նրան բռնելու համար օգտագործվող սարքերը, պատժի իրականացման քիմիական նյութերն ու բռնությամբ պարտադրվող ներարկման համակարգերը:
«Նման ապրանքները բացառապես սարսափելի ցավ պատճառելու և մարդկանց սպանելու համար են: Մենք այժմ հստակ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կանգնեցնենք այս արատավոր առևտուրը: Ինձ ոգևորում է այն, որ աշխարհի շատ երկրներ ստորագրելով Համատեղ Հռչակագիրը միացան այս Դաշինքին: Միասնաբար մենք կհաստատենք, որ այլևս չենք հանդուրժի դրանց առևտուրը», - աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական միության առևտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:
Միանալով Դաշինքին, երկրները համաձայնել են հետամուտ լինել հետևյալ չորս միջոցառումների իրականացմանը՝
• համապատասխան միջոցներ ձեռնարկել նշյալ ապրանքների արտահանումը վերահսկելու և սահմանափակելու նպատակով;
• Մաքսային մարմիններին ապահովել անհրաժեշտ գործիքակազմով: Դաշինքը կստեղծի համապատասխան հարթակ, որը կզբաղվի առևտրային հոսքերի վերահսկմամբ, տեղեկատվության փոխանակմամբ և նոր ապրանքատեսակների հայտնաբերմամբ;
• Երկրներին տրամադրել տեխնիկական օգնություն սույն առևտրի արգելումն ապահովող օրենսդրություն մշակելու և իրականացնելու նպատակով;
• Իրականացնել արդյունավետ վերահսկողության և իրավապահ համակարգերի ներդրման ոլորտում առկա լավագույն փորձի փոխանակում: