Ադրբեջանն այժմ շատ ավելի ընկալելի է արաբական երկրների համար. արաբագետ
Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում մեծ թափ են ստացել քաղաքական իսլամիզմը, սուննիական ծայրահեղական գաղափարախոսությունները, որոնք ներառվել են ջիհադիստական կառույցների գործունեության մեջ: Տարածաշրջանում կրոնական մոլեռանդության դրսևորումների ֆոնին հատկանշական է հատկապես այն, թե ինչ չափով է Հայաստանն առնչվում Մերձավոր Արևելքին և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի համար՝ թաքնված նույն այդ Մերձավոր Արևելքում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում իր ելույթի ընթացքում այսօր այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
«Շատեր ասում են, որ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, մեզնից հեռու է, բայց պետք է ասեմ, որ պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են մեզ: Մեր չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Իրանն անմիջականորեն ներգրավված են սիրիական պատերազմում: Եթե սրան գումարենք նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ սիրիական հիմնախնդրում ակտիվորեն ներգրաված լինելը, պարզ կդառնա, որ մենք շատ մոտիկ ենք Մերձավորարևելյան խնդիրներին»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը՝ Արաքս Փաշայնը շեշտեց, որ այդ երկրին հաջողվել է Հայաստանը քարոզչական դաշտում ներկայացնել որպես «ագրեսոր», որն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները:
«Եթե մինչև 2000-ական թվականները Հայաստանը բավական ամուր դիրքեր ուներ արաբական աշխարհում, ապա այժմ Ադրբեջանին հաջողվել է շատ դեպքերում առաջ անցնել: Այդ երկիրն այժմ շատ ավելի ընկալելի է արաբական երկրների համար, քան Հայաստանը»,- նշեց արաբագետը:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի հայ համայնքներին, ապա, նրա կարծիքով, Հայաստանի անկախությունից ի վեր դրանք բացառիկ կարևոր դեր են խաղացել հայ-արաբական և հայ-իրանական կապերի ամրապնդման համար.«Համայնքներն արել են առավելագույնը՝ հաջողված աշխատանք տանելու դիվանագիտության ոլորտում»:
Հարակից հրապարակումներ`
- ՍՄԱՐԹ կենտրոնները Հայաստանի գյուղերի փրկությունը կարող են լինել. Գարո Արմեն
- Մեր արտաքին քաղաքական օրակարգը պետք է հագեցած լինի ինտեգրացիոն գործընթացներով. Արմեն Աշոտյան
- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
- Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին
- Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորի կյանքի որակը փոխվի, իհարկե՝ ոչ. Կարեն Կարապետյան
- Նախատեսում ենք, որ պարտադիր զինծառայություն կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա. Ա. Զաքարյան
- «Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»