Աշխարհի շուրջ՝ 79 օրում
Շոտլանդացի հեծանվորդ Մարկ Բոմոնտը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հեծանվով ամբողջ աշխարհը շրջել է 79 օրում: Բի-Բի-Սի-ն գրում է, որ դրա համար նա ամեն օր անցել է միջինը 386 կիլոմետր, օրվա ընթացքում քնել է հինգ ժամ:
34-ամյա մարմնամարզիկը Փարիզ է հասել նախապես հաստատված ժամկետից մեկ օր շուտ՝ հաղթահարելով ընդհանուր առմամբ 30 հազար կիլոմետր: Հաղթական կամարի մոտ նրան սպասելիս են եղել երկրպագուների բազմություն:
2008-ին Բոմոնտն արդեն համաշխարհային ռեկորդ սահմանել էր. նա այդ ժամանակ աշխարհը շրջել էր 194 օրում: Այդ ժամանակվանից եղել են այլ հեծանվորդներ, ովքեր նույնպես ռեկորդ են սահմանել. վերջին շուրջերկրյա հեծանվային շրջագայությունը տևել էր 123 օր:
Շոտլանդացին սկսել է իր շրջագայությունը հուլիսի 2-ին Փարիզից, անցել Եվրոպայով, Ռուսաստանով, Մոնղոլիայով և Չինաստանով, այնուհետև անցել է ամբողջ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հյուսիսային Ամերիկան, ինչից հետո դուրս է եկել եզրափակիչ գիծ՝ Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա:
«Դա, անշուշտ, ամենադաժան փորձությունն էր, ինչի միջով երբևէ անցել է իմ մարմինն ու ուղեղը: Ինձ ամեն օրվա համար անհրաժեշտ էր ֆիզկական և բարոյական տոկունություն, բայց ինձ հիանալի խումբ էր շրջապատում»,- ասել է մարմնամարզիկը:
Նա նշել է, իր շրջագայությունն ապացուցեց, որ այն, ինչ թվում է անհնար, իրականում հնարավոր է: Բոմոնտի խոսքով, ճանապարհորդության ընթացքում ստիպված է եղել արագ համակերպվել տարբեր եղանակների: Այդ ընթացքում նա երկու անգամ ընկել է հեծանվից: Ամբողջ երթուղին նրան ուղեկցել է խումբ, որի կազմում եղել է մեխանիկ, դիետոլոգ, բժիշկ և մենեջեր: