Համոզված եմ՝ ցուցահանդեսից հետո բազմաթիվ ընկերություններ կհամագործակցեն Հայաստանի հետ. իրանցի փոխնախարար
Երևանում այսօր բացված իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդեսում ավելի քան 40 իրանական ընկերություններ ներկայացրեցին իրենց ապրանքները՝ գյուղատնտեսական, քաղցրավենիք, ջուր, գորգեր և այլն:
«Ցուցահանդեսի նպատակն է` նպաստել երկու երկրների միջև համատեղ գործարար կապերի հաստատմանը, ավելացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական ծավալը»,- բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կնպաստի, որպեսզի տարածաշրջանային երկու երկրների միջև առկա համագործակցությունն ավելանա:
«Համոզված եմ, որ ցուցահանդեսի ավարտից հետո բազմաթիվ ընկերություններ կհամագործակցեն Հայաստանի ընկերությունների հետ, նրանք թույլտվություններ կստանան Հայաստանում արտադրություն կազմակերպելու, և արդյունքում կավելանա առևտրատնտեսական ծավալը»,- ասաց փոխնախարարը:
Նաև հավելեց, որ ցուցահանդեսին իրանական սահմանափակ թվով ընկերություններ են ներկայացված, բայց եթե հայ գործարարները, բնակիչները այցելեն, ապա անպայման կհետաքրքրվեն իրանական արտադրությամբ. «Իրանական արտադրանքը համապատասխան է միջազգային ստանդարտներին, իսկ գները մրցակցային են: Իրանից Հայաստան բավական կարճ հեռավորություն է և դրա համար արտադրված արտադրանքը թանկ չէ, բավական էժան է»։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք բավարարված չեն հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությամբ։
«Ոչ Իրանի, ոչ էլ Հայաստանի կառավարությանը չեն բավարարում առևտրաշրջանառության ներկայիս ծավալները: Բայց եթե համեմատենք Իրանի և այլ պետությունների միջև առևտրաշրջանառության հետ, ապա այն մեզ համար, ամեն դեպքում, գոհացուցիչ է: Մենք որոշել ենք, որ մեր երկրների հնարավորությունները լավագույնս ներկայացնենք միմյանց՝ զբոսաշրջիկներ այցելեն, ցուցահանդեսներ կազմակերպվեն և այլն»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանային հզոր երկիր է, ուշադրություն է դարձնում ինքնաբավությանը, կարևորում է իր բարեկամական հարաբերությունները հարևան պետությունների հետ, ուստի Հայաստանն ու Իրանը կարող են լավագույնս օգտվել ԵԱՏՄ-ից, համատեղ արտադրանքը ներկայացնել ողջ աշխարհին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ