Նկարներ ժապավենով. «Տասնյակ աշխատանքներից որևէ մեկը նման չէ մյուսին»
Ամենատարբեր տեսակի վարդերից, դաշտային կամ ցանկացած այլ տեսակի ծաղիկներից գեղեցիկ ծաղկեփունջ ստանալու համար հարկավոր է ոչ այլ ինչ, քան ատլասից ժապավեններ, ջրաներկ և ամենակարևորը՝ վառ երևակայություն:
Գայանե Ատթարյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը: Որպես մանկավարժ, մի քանի տարի աշխատելուց հետո հանգամանքների բերումով ավելի քան մեկ տասնամյակ զբաղվում է անհատ ձեռներեցությամբ, ինչը ոչ մի կապ չունի այն հետաքրքիր նախասիրության հետ, որն այժմ Գայանեն իրականացնում է մեծ սիրով ու բավականությամբ:
«Նկարներ ժապավենով» անվանումը ստացավ այն զբաղմունքը, որ Գայանեն սկսեց իրականացնել ներշնչանքի արդյունքում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գայանե Ատթարյանն ասում է, որ տան կենցաղային իրերի վրա գեղեցիկ ծաղիկներ ձևավորելու կարողությունը ժամանակի ընթացքում ընդլայնվել է՝ վերափոխվելով ավելի մեծ կոմպոզիցիաներ ստեղծելու նախասիրության:
Նրա խոսքով՝ ատլասից ժապավեններով ծաղիկներ հյուսելու արվեստը կամ ժապավեններով ասեղնագործությունն այսօր՝ հատկապես արտերկրում, բավականին տարածված զբաղմունք է կանանց շրջանում: Գայանեն էլ որոշ տեխնիկական հմտությունների տիրապետելու համար, համացանցով սկսել է տեսանյութեր դիտել, որն էլ ավելի է կատարելագործել նրա գիտելիքներն ու հմտությունները:
Գայանեն խոստովանում է՝ տասնյակ աշխատանքներից որևէ մեկը նման չէ մյուսին, քանի որ հնարավոր չէ լիովին նույնությամբ կրկնել նախորդ ստեղծագործությունը անգամ մեծ ցանկության դեպքում:
Այսօր նրա աշխատանքները զարդարում են ոչ միայն իր տան, աշխատավայրի, այլև բարեկամների ու ընկերների տան պատերը: Գայանեն սկզբնական շրջանում նույնիսկ չի պատկերացրել, որ կարող է այդ գործերը երբևէ վաճառել, սակայն այսօր հաշվի առնելով շրջապատի արձագանքը, որոշել է ժապավենով նկարները դիտարկել նաև որպես գործարարության մեկնակետ:
Գայանե Ատթարյանն արդեն մասնակցել է մեկ ցուցահանդեսի, իսկ հանրությանը աշխատանքներն առավել հասանելի դարձնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացել է «Նկարներ ժապավենով» էջը, որտեղ տեղադրում է վերջին աշխատանքները:
Արվեստի այս տեսակով զբաղվել ցանակցողներին էլ Գայանեն խորհուրդ է տալիս վստա սկսել առաջին քայլերը, փնտրել ներշնչանքի աղբյուրներ և կյանքի կոչել նորանոր ստեղծագործական գաղափարներ: