Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ին` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գ. Դ.-ն, «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ, ովքեր չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, վնասել են տեղի գույքն ու հարվածել վերջինիս, այնուհետև ծեծկռտուք սկսել ակումբի հաճախորդների հետ: Միջադեպը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր ծեծկռտուք հրահրած անձանց բերման են ենթարկել բաժին:
Ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: