Հայաստանն ունի բավականին հեռանկարային երիտասարդ գիտնականներ. Միշել Դայդե
«Համոզված եմ՝ այս գիտաժողովն արդյունավետ կանցնի։ Այս համաժողովից փորձի փոխանակման և գիտնականների շփման ակնկալիքներ ունենք»,- այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային 11-րդ գիտաժողովի բացման ժամանակ նշեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
ԳԱԱ փոխնախագահ, «Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիայի տեխնոլոգիաներ- 2017» գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի խոսքով` գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել գիտելիքների փոխանակումը օտարերկրյա և հայ գիտնականների միջև, տալ մասնակիցներին հնարավորություն շփվելու և տարածելու կոմպյուտերագիտության տեսական ու կիրառական արդյունքները:
«Այս տարվա գիտաժողովի նպատակներից է նաև քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները, համատեղ աշխատանքային նախագծերը: CSIT-2017-ը լավ հարթակ է Հայաստանում թվային տնտեսության հետ կապված հարցերի քննարկման և ճշգրտման համար»,- նշեց ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը։
Գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին։ Հատուկ տեղ կգրավեն ամպային և գրիդային հաշվարկներին, կոգնիտիվ ալգորիթմերին և մոդելներին, կրիպտոգրաֆիային և կիբերանվտանգության խնդիրներին նվիրված զեկուցումները։
Աշխատանքներին կմասնակցեն գիտնականներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից, Նորվեգիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Չինաստանից, Սերբիայից, Խորվաթիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Մոլդովայից, Գերմանիայից։ CSIT-2017 գիտաժողովի կարևոր բաղադրիչ կհանդիսանա «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը, որին կներկայացվեն սուպերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։
«Կարծում եմ, որ Հայաստանն ունի բավականին հեռանկարային երիտասարդ գիտնականներ, որոնք կարող են լավ արդյունքների հասնել և այդ տեսակետից ձեր երկիրը գտնվում է առաջատար դիրքերում։ Մենք ակտիվ համագործակցում ենք ԳԱԱ հետ և այս պահին մեր ինստիտուտի աշխատանքներում ներգրավված են նաև հայ մասնակիցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիտաժողովին ներկա Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն։
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հավելեց, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները ներդրվում են տնտեսության բոլոր բանագավառներում և Հայաստանում վերջին ութ ամիսների ընթացքում այն ունեցել է 35 տոկոս աճ։
«Վստահ եմ, որ տարին կփակենք ավելի բարձր ցուցանիշով»,- ասաց նախարարը:
CSIT-2017 գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և «IEEE Computer Society» կազմակերպության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում և աջակցում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Հայ լինկ» ՍՊԸ-ն, Երևանի կապի միջոցների ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին