Սեպտեմբերի 25-ի դրությամբ Կոտայքի մարզում ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի թիվը 3500 է, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա մայիսի ցուցանիշը:
Նշվել է, որ առողջապահության ոլորտում 2017 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 215 մլն դրամ:
Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընդգծելով, մասնավորապես, որ մարզում արդեն իսկ առկա է 100 ներդրումային ծրագիր՝ 47 մլրդ դրամ արժեքով, որոնց իրականացման արդյունքում անկալվում է ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ այդ ծրագրերը կառավարության կողմից հայտարարված ներդրումային ծրագրերում դեռևս ներառված չեն:
Այս փուլում կատարված ներդրումների վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ մարզպետը զեկուցել է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 30 մլրդ դրամի ներդում և ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ: Ընդ որում՝ 16.9 մլրդ դրամ ներդրվել է արդյունաբերության, 8.6 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության, 2 մլրդ դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության ոլորտում այս ժամանակահատվածում գրանցված 18 տոկոս աճի և Ծաղկաձորում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր: