Աշոտյան. Որոշակի թվերի ու փաստերի համադրման արդյունքում կարելի է ցանկացած քաղաքական տեսակետ հիմնավորել
«Կարող եք վերցնել օրինակ Ռուսաստանի Դաշնության առևտրի կառուցվածքը և տեսնել, որ առաջին հինգ երկրների թվում էլի ԵԱՏՄ անդամ երկրներ չկան: Դժվար թե դա պետք է ենթադրի, որ Ռուսաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա»: Այսպես արձագանքեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ելք» խմբակցության անդամների՝ տնտեսության վերաբերյալ դիտարկումներին, դրանք որակելով «տնտեսական վիճակագրության տեխնոլոգիական մանիպուլյացիա»:
«Ակնհայտ է, որոշակի թվերի ու փաստերի համադրման արդյունքում կարելի է ցանկացած քաղաքական տեսակետ հիմնավորել»,-ասաց Աշոտյանը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ թշնամական վերաբերմունք չկա ու չի էլ կարող լինել, ինչի մասին կասկած էր հայտնել Արամ Սարգսյանը. «Պարզապես համաձայնեք, որ եթե դուք մի բան ասում եք, մենք պարտավոր չենք համաձայնվել»:
Անդրադառնալով ժամանակավոր հանձանաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք»-ի հիմնավորմանը, Աշոտյանը հիշեցրեց, որ այդ նախաձեռնությանը նախորդել է հայտարարությունը, ինչը ենթադրում է, որ քննարկումներ, վերլուծություններ եղել են:
«Եթե չէիք արել այդ ամենը, ինչու գրեցիք այդ հայտարարությունը, մի քիչ անհասկանելի է: Եթե այդ հայտարարությունը արդեն գրել եք, ապա, ըստ մեզ, լրացուցիչ հիմնավորումների կարիք գոնե դուք չպետք է ունենայիք, այստեղ կա մի կարևոր խնդիր՝ հայտարարություն ունենա՞լն էր ճիշտը, թե՞ հայտարարությունը այնքան որ, կներեք, որպես փաստաթուղթ գրել եք, հիմա ասում եք բերեք քննարկենք: Ձին սայլից հետո կապելու այս մարտավարությունը որքանո՞վ է ճիշտ: Ես հավատում եմ, որ դուք նախորդ հայտարարության վրա աշխատել եք, հետևաբար իմ անձնական կարծիքով, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակ չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Այն չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվեց:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մերժվեց
- Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի. Նիկոլ Փաշինյան
- Վարչապետ. Չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով
- «Ելքն» աշնան սկզբին կքննարկի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը. Արամ Սարգսյան