Հավաքականը մերն է ու պետք է միշտ լինենք հավաքականի հետ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ երբ Էդուարդ Շարմազանովն իմացավ, որ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի պարտությամբ, մի պահ շփոթվեց, իսկ հետո նշեց, որ հավաքականը մերն է ու պետք է միշտ լինել հավաքականի հետ:
«Պետք չէ վհատվել, Բրազիլիայի նման թիմն էլ իր դաշտում 7:1 հաշվով պարտություն է կրել Գերմանիայից, բայց Բրազիլիայում «երես չթեքեցին» իրենց հավաքականից: Հավաքականը մերն է ու պետք է միշտ լինենք հավաքականի հետ»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս տարիների ընթացքում շատ բան է արել Հայաստանի ֆուտբոլի համար;
«Երբ որ Հայաստանի հավաքականը հաղթանակներ էր տոնում, ինչպես այսօր քննադատում եք Հայրապետյանին, գոնե էդ ժամանակ դրա չափ էլ կարող էիք ասել՝ կեցցե Հայրապետյանը: Եթե այն ժամանակ չեք ասել՝ ապրի Հայրապեյանը, ուրեմն այսօր մի ասեք՝ ինչու»,- նշեց նա:
Է.Շարմազանովի խոսքերով Ռ.Հայրապետյանն անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար. «Հիմա այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ես հավատում եմ մեր հավաքականին, ես անուղղելի լավատես եմ, մենք ավարտում ենք այս ընտրական փուլը, հուսով ենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին կունենանք լավ արդյունքներ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր 6-1 հաշվով պարտվել է Լեհաստանի հավաքականին: