Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման և Ազգային ժողովում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:
Ազգային ժողովի փոխխոսնակը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված չորս սահմանադրական օրենքներից երեքն ստացել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչը մեծապես նպաստել է, որ այդ օրենքները համապատասխանեն միջազգային լավագույն փորձին և չափանիշներին:
Միևնույն ժամանակ Արփինե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև Սահմանադրության փոփոխություներով պայմանավորված մյուս օրենքների մշակման գործընթացում: