Վահրամ Բաղդասարյանի հորդորը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
«Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի:
Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձևով հարաբերություններ պարզելը, պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան և բացառվեն նման երևույթները:
Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները և վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր. «Շատ հստակ պետք է պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքը ի՞նչ կապ ունի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր պադյեզդները զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է, մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի հետևություններ անենք մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը. Փաշինյան
- Փաշինյան. Վկաներ կան
- Եթե բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, իրան հիվանդանոց կտանեն. Արտաշես Գեղամյան
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
- Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին