Իրավապաշտպանները ճիշտ են անում, որ քննադատում են. Դավիթ Հարությունյան
Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման համար տրվող ֆինանսավորումը չի կարող անմիջապես իր արդյունքը տալ։ այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ դա անըդհատ պրոցես է և արդյունավետությունը կարող է երևալ ժամանակի ընթացքում։
«Օրինակ՝ եղել է աջակցության դատական օրենսգրքի ստեղծմանը, աշխատանքային խումբը շատ ակտիվ աշխատելով՝ ուսումնասիրել է տարբեր երկրների թե դրական, թե բացասական փորձը, և ինչ կարող ենք մենք ներդնել, որտեղ կարող ենք մի քայլ առաջ կատարել»,- նշեց նա։
Լրագրողները Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին դատական իշխանության ու դատավորների անկախությունից։
«Դատական համակարգն ընդհանրապես արդարադատության նախարարությունից և կառավարությունից կախված չէ, մեր հարաբերությունները հիմնականում վերաբերում են դատարանների բյուջետավորմանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե այդ համակարգն արդյոք բավարար մակարդակի անկախություն ունի թե ոչ, ես ինքս բացեիբաց ասացի, որ ոչ, և մենք արդ ուղղությամբ ենք գնում, խոսքը վերաբերում է և ներքին, և արտաքին անկախությանը։
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում տեսնում եք նոր ինստիտուտներ, որոնք եկել են ապահովելու այդ անկախությունը։ սրանք քայլեր են, որ պետք է կատարվի։ Եթե համադրեք այսօրվա դատական իշխանությունը 95-96 թվականներից մինչև 2005 թվականը գործած մոդելի հետ, արդեն իսկ կտեսնենք մեծ տարբերություն։ Քայլ առ քայլ, բայց մենք գնում ենք առաջ։ Չեմ կարող ասել, որ մենք գոհ են ամեն ինչից, բայց որ շարժվում ենք առաջ՝ միանշանակ է»։
Լրագրողների դիտարկմանը, թե իրավապաշտպանները հակառակ են ասում, որ այս բարեփոխումները ֆիկտիվ բնույթ են կրում, քանի որ չկա քաղաքական կամք, նախարարը պատասախանեց. «Եթե իրավապաշտպանները հանկարծ սկսեն գովել երկիրը, պետք է այդպիսի երկրից անմիջապես գնալ, քանի որ իրավապաշտպանները հենց նրա համար են, որպեսզի անընդհատ նորանոր խնդիրներ բարձրացնեն։ Իրավապաշտպանները ճիշտ են անում, որ քննադատում են և պետք է շարունակեն քննադատել»։
Նշենք, որ այսօր մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը։ Ծրագրի մի մասը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում, իսկ մյուս մասը` Մեծ Բրիտաիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության կողմից: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:
Դրա նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թթ ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին` իրականացնելու դատական ոլորտի բարեփոխումները: