Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:
Գարեգին Բ Կաթողիկոսը նշել է նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:
Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրել է նաև իր ապագա ծրագրերը:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանել է Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Մալկովիչը հատվածներ է կարդալու «Մատյան Ողբերգության» պոեմից
- Նախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին
- Ջոն Մալկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդ
- Ջոն Մալկովիչ. Հարատևում է արվեստի այն գործը, որը խորությամբ է դիպչում մարդուն
- Ջոն Մալկովիչն անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ