Lրագրողի աշխատանքին խոչընդոտող ցանկացած անազատ քայլ անհանդուրժելի է. Մարգարիտ Եսայան
Պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի համար խոսքի ազատությանը վերաբերող տոներն առանձնահատուկ նշանակություն ունեն: Խորհրդարանականը համոզված է՝ լրագրողի աշխատանքը չափազանց կարևոր է:
«Այսօր հայկական մամուլում ունենք այն, ինչ ունենք: Այսօր հայ մամուլը շատ ավելի շարժուն և դինամիկ է: Անգամ խորհրդային Հայաստանի տպագիր մամուլը կարողանում էր ինքնուրույն խոսք ասել: Դրա ապացույցը «Գարուն» ամսագիրն էր: Հետո եկավ նոր սերունդ, որը փայլեց և կարողացավ ներկայացնել հայ մամուլն իր դիմագծով: Այդ սերնդի շատ ներկայացուցիչներ այսօր լրատվական կայքեր են ղեկավարում»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց Մարգարիտ Եսայանը:
Բանախոսը, սակայն, ընդգծեց՝ մերօրյա լրագրությունը շատ դժվար ճանապարհ անցնելուց հետո մի տեսակ կորցրել է ինքն իրեն: Պատգամավորի խոսքով, ԶԼՄ-ներից շատերը չարաշահում են ազատությունը, դավաճանում դասական լրագրության սկզբունքները:
«Շատ դեպքերում ուսանողները մոռանում են համալսարանում սովորածը և հայտնվելով այս կամ այն կայքում՝ տուրք են տալիս լրատվամիջոցի սեփականատիրոջ, խմբագրի հանձնարարականին: Մինչդեռ պետք է մատուցել մի արտադրանք, որը մեր հասարակությանն ավելի գրագետ և լավը կդարձնի»,- համոզմունք հայտնեց նախկին լրագրողը:
Անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին՝ Մարգարիտ Եսայանը նկատեց՝ լրագրողի աշխատանքին խոչընդոտող ցանկացած անազատ քայլ անհանդուրժելի է, որևէ ոտնձգություն՝ անընդունելի: Հանրապետական գործիչը, սակայն, չպարզաբանեց՝ ԱԺ-ում նշված հարցի շուրջ քննարկումների ժամանակ ինչ դիրքորոշում է ցուցաբերելու:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը հաստատեց տարիներ առաջ երկրի ղեկավարի հայտնած միտքը՝ Հայաստանում գաղջ մթնոլորտ շատ դեպքերում լրատվամիջոցներն են ծնում: Բայց եթե բոլոր լրատվամիջոցները ազնիվ աշխատեն, գաղջ մթնոլորտ վստահորեն չի լինի:
Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաև լրատվական կայքերի գործունեությանը՝ նշելով, որ համացանցը խժռել է տպագիր մամուլը. «Այս պայմաններում Հայաստանում կգոյատևեն հատուկենտ թերթեր: Թերևս, խմբագիրները կանխատեսել են դա և թերթերի հետ նույնանուն կայքեր ստեղծել: Բայց ես ուրախ կլինեմ, որ շատ թերթեր կարողանան մնալ ոտքի վրա»:
Լրագրողները Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեցին՝ ինչպես եղավ, որ թողնելով լրագրությունը՝ որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Վերջինս պատասխանեց, որ շուրջ 30 տարի լինելով լրատվական դաշտում՝ հասկացավ, որ իրեն տեսնում է քաղաքական դաշտում և քաղաքական գործչի կերպարում:
ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ երբեմն որոշ լրագրողներ իրենք են սադրանքների դիմում, ինչն էլ բռնարարքների պատճառ է դառնում:
Նշենք, որ այսօր Հայ մամուլի օրն է, որ խորհրդանշում է դեռևս 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» ծնունդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան