Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Բենինի և Սլովակիայի խորհրդարանների ղեկավարների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում նախօրեին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալ Սայեդ Ահմեդի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկու պետությունների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ են և հավելել, որ օրենսդիր մարմինների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում նպաստում են երկրների միջև համագործակցության զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի դերը և ակտիվ գործակցությունը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Եգիպտոսի պատմական արժեքների մասին դեռևս դպրոցական տարիքից են տեղեկանում աշխարհի բոլոր ժողովուրդները և այս իմաստով կարելի է ասել, որ Եգիպտոսն աշխարհինն է:
Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-եգիպտական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
Աղբյուրը հայտնում է, որ Արա Բաբլոյանն այսօր հանդիպել է նաև Բենինի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահն այսօր հանդիպել է նաև Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-սլովակյան հարաբերությունների կայուն զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցությանը: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարևորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի մակարդակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին