Փոխնախարար. Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում»,-այսօր «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, տնտեսության շարժի հիմնական խթանիչը պետք է լինի արտահանմանը կողմնորոշված հատվածը:
«Այն պետք է լինի մրցունակ, դիվերսիֆիկացված, երկարաժամկետ առումով ապահովի կայուն աճ»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ ներքին պահանջարկը սահմանափակ է, իսկ Հայաստանի ապրանքային արտադրանքն առաջին հերթին արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ:
«Տարվա 8 ամիսների ընթացքում ավելի քան 21 տոկոս արտահանման աճը տպավորիչ ձեռքբերում է: Հիշենք, որ 2016-ին այդ աճը 20 տոկոս էր: Սա վկայում է այն մասին, որ արտահանող ճյուղերը կայունանում են»,-ասաց նա: