ՀՔԾ. Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր
Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Մխիթարյանը այս տարվա օգոստոսին հաղորդում է տվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նույն հիմնարկի պատասխանատու հերթապահ Ա. Մալոյանը և օպերատիվ բաժնի պետ Ա. Սարգսյանը ապտակել են իրեն, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին` պահանջելով խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:
ՀՔԾ-ում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են դատապարտյալի հաղորդած տեղեկությունները: Դատապարտյալը նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահ Ա. Մալոյանի և օպերատիվ բաժնի պետ Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ գողության դեպքերի վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հ.Առաքելյանը դատարանում հաղորդում է տվել, որ ինքը գողությունների հետ որևէ կապ չունի, և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն. Ավագյանն է իրեն համոզել խոստովանել գողությունները, իսկ վերջինիս կողմից լրացված փաստաթղթերն ինքն առանց կարդալու ստորագրել է:
Սուտ մատնություն կատարելու համար Հ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Սուտ մատնության վերը նշված դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան