Ասոցացման համաձայնագրի նոր խնդիրները՝ բացի «կամ-կամ»-ից
«Հայաստանը գնում է «և,և»-ի քաղաքականությամբ, այսինք՝ Եվրամիության և ԵԱՏՄ ճանապարհով: Սակայն, պետք է շեշտել, որ այդ «և,և»-երը չեն կարող լինել հավասարազոր, դրանց միջև չենք դնում հավասարության նշան»,- այսօր Երևան-Քիշնև տեսակապի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանն՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը:
Պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամագրումը Հայաստանի կողմից ճիշտ քայլ էր, բայց միաժամանակ Հայաստանը ցանկանում է հարաբերությունները զարգացնել բոլոր գործընկերների հետ:
Նրա խոսքերով՝ Հայաստանի համար կարևոր է Մոլդովայի փորձը, բացի այդ, մտահոգում է այն, թե ինչ է տեղի ունեցել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում:
Նախ անդրադառնալով ԵՄ ասոցացման համաձայնագրի թարգմանությանը՝ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ հայերեն թարգմանությունն իրեն այնքան էլ չի գոհացնում:
«Չեն թարգմանել այնպես, ինչպես պետք էր, և հարց է առաջանում՝ մենք քննարկում ենք այն, ինչ կա իրականում, թե այն, ինչ ներկայացվել է հայերեն տարբերակում»,- նշեց նա:
Նրա գնահատմամբ՝ սա ասիմետրիկ համաձայնագիր է, քանի որ Հայաստանի համար մի շարք պարտավորություններ է ենթադրում:
«Համաձայնագիրը Հայաստանի առջև նոր խնդիրներ է դնում` հայկական կոնյակի անվանափոխություն, ԱԷԿ-ի փակում և այլն: Մնացած խնդիրներին, որոնք մտահոգում են հայ հասարակությանը՝ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից շրջափակումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում, գործազրկություն և այլ հարցեր, մակերեսորեն են անդրադարձել համաձայնագրում: Մինչդեռ պետք է այս բոլոր խնդիրները մանրամասն քննարկել»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի առջև դրված չէ «կամ-կամ» ընտրությունը:
«Մեր պարագայում համաձայնություն կա Մոսկվայի ու Բրյուսելի միջև: Եւ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, կարողանում է համագործակցել նաև ԵՄ-ի հետ»,- ասաց նա:
Ըստ նրա խոսքի՝ ինչ արտաքին քաղաքական ուղղվածություն էլ ունենան հետխորհրդային պետությունները, բոլորն էլ կանգնած են տնտեսական մարտահրավերների առաջ, բոլոր երկրներն ունեն նույն խնդիրները:
«Այդ խնդիրների դեմ պայքարել այն մեթոդներով, որոնք օգտագործում են զարգացած երկրները, կարծում եմ՝ հնարավոր է, սակայն պետք է փուլային ճանապարհով գնալ: Ուստի, հաշվի առնելով զարգացած երկրների փորձը, կարելի է շատ բան սովորել, իհարկե քիչ չեն այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք օգնել»,- ասաց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է Եվրամիության հետ կապն ամրապնդի, բայց միևնույն ժամանակ պետք է զգույշ լինի և համաձայնագիրը ստորագրի առանց ավելորդ հապճեպության:
«Պետք է հաշվի առնել ներքին տնտեսական և ազգային շահերը: Շատ կարևոր է, որ մենք այսօր ունենք ոչ թե «կամ-կամ»-ի ընտրության հարց, այլ «և,և»-ի, բայց անգամ այս դեպքում չպետք է մոլորության մեջ ընկել և այն դասերը, որոնք քաղել է Մոլդովան, մեզ համար պետք է զգոնության կոչ լինի, քանի որ Մոլդովան այն երկրներից է, որն ամենամեծ ձգտումն ուներ անդամակցելու ԵՄ-ին»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Մանուկյան. Պետք չէ գերագնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի հանդեպ ՌԴ-ի վերաբերմունքը պարզ կլինի Մեդվեդևի այցից հետո. փորձագետ
- Նալբանդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ Բրյուսելի գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը