Ինչպե՞ս կարող եմ բյուջեի նախագծին կողմ լինել, եթե նման սոցիալական վիճակ է. Վարդևան Գրիգորյան
«Ծառուկյան» խմբակցությունը բյուջեի նախագիծը դեռևս չի քննարկել: Լրագրողների հետ ԱԺ-ում ունեցած զրույցում այս մասին ասաց այդ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
Ճշգրտող հարցին՝ անձամբ ինքը ավելի շատ կո՞ղմ, թե դեմ է նախագծին, պատգամավորը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ կողմ լինել, եթե նման սոցիալական վիճակ է: Նախ, բյուջեում սոցիալական վիճակի փոփոխություն չի նախատեսվում: Չեմ կարծում, որ այս բյուջեով վիճակի մեջ որևէ փոփոխություն կլինի: Դա իմ անձնական կարծիքն է»,- նշեց Վարդևան Գրիգորյանը:
Լրագրողները խորհրդարանականից հետաքրքրվեցին՝ հավաստի՞ են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին հանձնարարել է բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր կեցվածք ընդունել:
«Պարոն Ծառուկյանը նման հանձնարարություն չի տվել, դրանք ուղղակի ասեկոսներ են: Երբևիցե որևէ մեկին նման հանձնարարություն չի եղել: Պարոն Ծառուկյանը միշտ քննարկումների և կոլեգիալ որոշումներ կայացնելու կողմնակից է: Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կեցվածք ընդունել, եթե խմբակցությունը ընդդիմադիր դաշտում է գործում: Էլ ինչո՞վ մեր ընդդիմադիր լինելն արտահայտվի: Դրոշները վերցնենք, դուրս գանք փողո՞ց: Դրա անհրաժեշտությունը չկա, ժամանակը չէ»,- ասաց խորհրդարանականը:
Վարդևան Գրիգորյանը նաև հավաստիացրեց, որ Գագիկ Ծառուկյանը խմբակցության որևէ պատգամավորի ելույթ ունենալու իրավունքը չի սահմանափակում:
«Իմանալով Ծառուկյանի մարդ-տեսակին՝ նա իրեն երբեք թույլ չի տվել մեկին հրահանգել շատ կամ քիչ խոսել»,- բացատրեց պատգամավորը: