Բրազիլիայի դեսպան. Հարևանների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով
«ԼՂ հակամարտության հարցում Բրազիլիան իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ վերահաստատելով խաղաղ լուծման կողմնակից լինելը»,-ասել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ հարևանների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Դեսպանը խորհրդարան է այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ընդգծել է օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը, հատկապես բարեկամական խմբերի գործունեության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում: Արա Բաբլոյանը, նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, արձանագրել է՝ հարաբերություններն աշխուժացել են հատկապես վերջին տարիներին:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ նշելով, որ բրազիլացի գործընկերները միջազգային տարբեր կառույցներում մշտապես միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նախաձեռնություններին:
ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ մեկնելով Հայաստանից՝ նա կշարունակի մնալ մեր երկրի հավատարիմ բարեկամը: