Վախթանգ Միրումյան. Հարկային մարմինները չեն «նեղում» գործարարներին
Հայաստանում հարկերի հավաքագրման առումով որևէ խնդիր չկա,-ԱԺ-ում լրագրողնեերի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«Ես չգիտեմ, թե տնտեսագետներն ինչ թվեր են վերլուծել, բայց թերի հավաքագրում չունենք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք հարկային եկամուտների հավաքագրման 9.4 տոկոս աճ, որը կազմում է շուրջ 74 մլրդ դրամ: Եթե դուք վերլուծեք տնտեսական աճի մեծությունը և համադրեք, կտեսնեք, որ հավաքագրված եկամուտներն ավելի են, քան տնտեսական աճի հնարավոր պոտենցիալն է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հարկերի հավաքագրում, թերհավաքագրում չի եղել:
Վախթանգ Միրումյանը խոսքով, ավելին, նախնական կանխատեսումներով գրանցվելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամը գերազանցող մեծություն: Մինչև տարեվերջ, հարկային մարմինների նախատեսմամբ, ոչ միայն բյուջեով նախատեսված հարկային եկամուտների մեծությունը կապահովվի, այլ նաև լրացուցիչ վարչարարական ջանքերի հաշվին ավելի մեծ հավաքագրումներ կլինեն:
Պաշտոնյան նաև հավելեց, որ ստվերը զգալի կրճատվել է, սակայն դեռևս թվեր չի կարող ներկայացնել:
«Մենք կարող ենք կոնկրետ խոսել, երբ արդեն տարին կամփոփենք, երբ արդեն ակնհայտ կլինեն աճի ցուցանիշները: Մենք հիմա խոսում ենք տնտեսական աճի մասին վեց ամսվա կտրվածքով, բայց հարկային եկամուտների հավաքագրումների մասին խոսում ենք ինն ամիսների կտրվածքով, որոնք համադրելի մեծություններ չեն: Բայց կարծում եմ՝ հիմնական բաղադրիչ է կազմում այն եկամուտը, որը հավաքագրվել է ստվերի հաշվին»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք գործարարների վիճակն այս տարի լավացե՞լ է: Վախթանգ Միրումյանը դրական պատասխան հնչեցրեց՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել հասցեական վարչարարության և տնտեսվարման պայմանների բարելավման շնորիվ: Հարկային մարմինները, նրա խոսքով, չեն «նեղում» գործարարներին, անգամ ռիսկային գործարարներին են սկզբում նախազգուշացնում: