Հայաստանն արդեն իսկ հայտնում է իր դիրքորոշման կարծրացման մասին. քաղաքագետ
«Պաշտպանական ոլորտին առնչվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հիմնական և կարևորագույն շեշտադրումներից մեկն այն էր, որ հնարավոր չէ մեկ ձեռքով բանակցել, մյուսով պատերազմել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ փաստացի տեսնում ենք, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, Ալիևը ստորագրում է այդ պայմանավորվածությունների տակ, պարտավորություններ է ձեռք բերում, բայց անմիջապես հաջորդ օրերին դրանք խախտվում են և տարածաշրջանում կայունութան տեսակետից իրավիճակն ավելի անհասկանալի է դառնում և վտանգները շարունակվում են:
«Հայկական կողմն այլևս խոսում է մի կողմից դիրքորոշման կարծրացման անհրաժեշտության և նման պահանջի մասին, որը կա նախագահ Սարգսյանի խոսքով հայության ողջ շերտերում, մյուս կողմից խաղաղություն պարտադրելու նոր մեխանիզմներ են, որով հնարավեր է եղել Ալիևին ստիպել ստորագրել Վիեննայի և Պետրեբուրգի պայմանավորվածությունները, բայց դեռևս հնարավոր չէ հասնել նրան, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Հայկական կողմն ուզում է համոզված լինել, որ բանակցությունների համար տրված ժամանակը Ադրբեջանը չի օգտագործելու հերթական պատերազմը նախապատրաստելու համար: Փաստն այն է, որ Հայաստանը չի բանակցելու Ադրբեջանի հետ, քանի դեռ կան սահմանում վտանգներ, և Ալիևը մի ձեռքով բանակցում է, մյուսով կրակում»,- ասաց քաղաքագետը:
Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ հայտնում է իր դիրքորոշման կարծրացման մասին, քանի որ հիմա արդեն խոսում է ոչ միայն Լաչինի միջանցքը պահպանելու մասին, այլ այն տարածքների, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը:
«Եթե նախկինում մեր ավելի մեծ զիջողական պատրաստության պարագայում հնարավոր չեղավ քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել, հիմա էլ երբ կարծրացնում ենք, դիրքորոշումը, շատ ավելի վատատես եմ, որ կարող է քաղաքական լուծում լինել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Ասուլիսին ներկա «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածություն ի վերջո խախտվում է, և մենք չենք կարող երբեք որևէ ստորագրված փաստաթղթի վրա հույս դնել:
«Ադրբեջանի ռազմական ներխուժումները միակ զսպելու միակ տարբերակը մեր ռազմական զարգացումն է: Քանի որ Ադրբեջանն ունի նավթ, մենք զենք գնելու մրցավազքում միշտ պարտվելու ենք: Այդ պատճառով մեր գիտական ներուժն ամբողջությամբ ուղղենք նոր զինատեսակներ և ռազմատեխնիկա հետազոտելու և արտադրելու գործին»,-ասաց պատգամավորը:
Գորգիսյանի կարծիքով, մենք որևէ փաստաթղթի հավատալու որևէ հիմք չունենք. «Ես ուրախ եմ, որ վերջապես մեր ղեկավարությունը հանգեց այդ որոշմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր եմ սպասում
- Սերժ Սարգսյան. Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր