Կան հարցեր, որոնք բացառապես վերաբերում են ԼՂՀ-ին. Շավարշ Քոչարյան
«Կարծում եմ՝ այն ջղաձիգ շարժումները, որոնք տեսանք Բաքվում նախագահների հանդիպումից հետո, խոսում է այն մասին, որ այդ հանդիպումն ամենևին էլ, համենայնդեպս, Ադրբեջանի նախագահին ձեռք չի տալիս»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում ստեղծված լարված իրավիճակը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի երազանքն ու նպատակն է քանդել բանակցային ֆորմատը. «Միջնորդները հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ, որոնց առաքելության մեջ է նաև խաղաղության պահպանումը: Տվյալ պարագայում իրենք մի կողմից առաքելություն ունենք պահպանել խաղաղություն աշխարհի ցանկացած կետում, մյուս կողմից միջնորդ են, հասկանալի է դա ինչ զսպաշապիկ է Ադրբեջանի համար, որը ձգտում է ուժային լուծումների, դրա համար ամեն ձևի ուզում է ազատվի այդ ֆորմատից: Մենք իրենց ջրաղացին ջուր չլցնենք: Եթե հարցը չի լուծվում, միջնորդները մեղավոր չեն, այլ Ադրբեջանը, եթե կրակում են, ինչպե՞ս կարելի է դրա համար մեղադրել միջնորդներին»:
Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի լինի, մինչև չլինի վստահություն, իսկ վստահության բաղկացուցիչ մասն է չկրակել, չսադրել:
Խոսելով փոխզիջումների մասին, Շ. Քոչարյանն ասաց. «Ակնհայտ է, որ ցանկացած նմանատիպ խնդիր, եթե գնում ես լուծման, ապա պահանջում է փոխադարձ քայլեր, փոխզիջումներ, բայց ես հրաժարվում եմ խոսել որևէ փոխզիջման մասին, որովհետև եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա հայկական կողմերին խոսել զիջումների մասին, կոպիտ սխալ է, դա կլինի զիջում, ոչ թե փոխզիջում: Դրա համար այն պահին, երբ որ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ինչ-որ զիջման, ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որևէ մեկ հայտարարություն, որ ինքը պատրաստ է որևէ բան զիջել: Այդ դեպքում համարում եմ մազոխիզմ անընդհատ այս հարցը տալը: Ժողովրդին մենք որևէ զիջումների չենք պատրաստում, քանի Ադրբեջանը պատրաստ չէ որևէ զիջման»:
Նա նաև շեշտեց, որ կան հարցեր, որոնք բացառապես վերաբերում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
«Դա տարածքային ամբողջականության և կարգավիճակի հարցերն են: Առանց ԼՂՀ-ի, նմանատիպ հարցեր ոչ ոք չի կարող քննարկել: Դա շատ լավ հասկանում են միջնորդները, և պատահական չէ, որ միշտ ասում են՝ երբ որ գա փուլը, որ կոնկրետ բանակցությունները պետք է առաջ շարժվեն, առանց Ղարաբաղի դա անհնարին է»,- ասաց Շ. Քոչարյանը:
Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, փոխարտգործնախարարն ասաց, որ ադպիսի բան նախատեսված է, երբ որ պայմանավորվածություն լինի, այդ ժամանակ էլ կհայտարարվի:
Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, ի՞նչ մտահոգություններ կան այս առումով, Շ. Քոչարյանն ասաց. «Նորություն չէ, որ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի մեջքին, ասում է նույնը, ինչը Ադրբեջանը, միշտ էլ հայտարարել է այն մոտեցումը, որը կա Բաքվում: Այդ տեսակետից մենք հստակ գիտենք Թուրքիայի դիրքորոշումը»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը Թուրքիայի համար բաց վերք է, իսկ Հայոց ցեղասպանությունը բաց վերք չէ՞. Դավիթ Բաբայան
- Այս շաբաթ շփման գծում իրավիճակը համեմատաբար լարված է եղել. ՊԲ
- Դավիթ Բաբայան. «Դա հեշտ չէ, երբ ունենք ահաբեկչական մտածելակերպ ունեցող հակառակորդ»
- Ժնևյան հանդիպման նպատակը լարվածության նվազեցումն էր. Բորիս Նավասարդյան
- Փոխադարձ զիջումները պետք է լինեն հավասար, միաժամանակյա. ՀՅԴ գործիչ
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը