Մեղադրանք է առաջադրվել՝ ԵՄ պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակության համար
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, որոնց հիման վրա՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարի օժանդակությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ ՀԿ-ին երկու ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. նոյեմբերի 3-ին բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ:
Ըստ ծրագրի հրապարակված ուղեցույցի, ծրագիրն իրականացրել է «Սոսե» բարեգործական ՀԿ-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան