Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից. Բաբլոյան
Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը նպատակաուղղված ընթանալով ընտրված ճանապարհով: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով, բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Որևէ ատյան որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է: Բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից»,- նշեց Արա Բաբլոյանը:
Անդրադառնալով Հայաստանում և Արցախում իրականացված սահմանադրական փոփոխություններին՝ ՀՀ ազգային ժողովի նախագահը նկատեց, որ դրանք անհրաժեշտ են պետության առավել արդյունավետ կառավարման և ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար:
«Հանրաքվեի արդյունքում Արցախում և Հայաստանում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրի ներքին և արտաքին ատռանձնահատկություններին: Անշուշտ, հետսահմանադրական գործընթացները Հայաստանում և Արցախում ունեն ընդհանրություններ և առանձնահատկություններ: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել և զարգացնել այն՝ համատեղ ջանքերով և գործողություններով»,- ամփոփեց ՀՀ խորհրդարանի խոսնակը: