ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությունն Արցախի ԱԺ-ի համար ամենակայացածն ու արդյունավետն է. Ղուլյան
ՀՀ ազգային ժողովի գործընկերների հետ հանդիպումների հաճախակիությունը Հայաստանի և Արցախի երկու խորհրդարանների միջև լիարժեք փոխգործակցություն է ապահովում: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ըստ նրա, միայն 2016 թվականի ապրիլ-հունիս ամիսներին՝ ապրիլյան պատերազմից հետո, Արցախ են այցելել ՀՀ խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները՝ շատ հաճախ իրենց հետ Արցախ բերելով արտասահմանյան խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչների:
Նա նշեց, որ այսօրվա համատեղ նիստի օրակարգում առաձնացվել են հարցեր, որոնք առավել մանրամասն դիտարկման կարիք ունեն: Ըստ նրա` դրանցից առաջինը միջազգային խորհրդարանական հարթակներում ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներն են և այդ համատեքստում ՀՀ-ի խորհրդարանական պատվիրակությունների կողմից տարվող աշխատանքները:
«Այս առումով հարկ է նշել, որ մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմագրավելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ հայտնելու մասին»,-նշեց արցախցի պաշտոնյան:
Օրակարագային մյուս հարցն ըստ ԱՀ ԱԺ նախագահի`վերաբերում է ՀՀ-ում և Արցախում հետսահմանադրական գործընթացների ընդհանրություններին և առաձնահատկություններին:
«Չնայած պետական կառավարման մոդելների տարբերություններին՝ համոզված եմ, որ այս ոլորտում համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա: Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլ նաև յուրահատոկ խողովակ է մեզ համար՝ ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոնից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»,-ամփոփեց Աշոտ Ղուլյանը՝ ընդգծելով, որ ՀՀ ազգային ժողովի հետ համագործակցությունն իրենց համար ամենակայացածն ու արդյունավետն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը