«Ճգնաժամ լուծող ակտ ենք ակնկալում». ՍԴ-ն քննում է ԱԺ պատգամավորների դիմումը
ՀՀ սահմանադրական դատարանում նոյեմբերի 10-ին գրավոր ընթացակարգով քննվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի մի քանի հոդվածների և Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի մի քանի որոշումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, վիճարկվող հոդվածները վերաբերում են ՏԻՄ-երին, համաձայն դրանց՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե կա մեծամասնություն. «Բնական է, որ միայն մեծամասնության պարագայում է հնարավոր հետագայում ներկա գտնվող ավագանու մեծամասնության միջոցով որոշումներ կայացնել, սակայն այստեղ մենք ունենք այլ իրավիճակ: Դրանք են այն դրույթները, որ պետք է գնահատական ստանան ՍԴ կողմից»:
Թանդիլյանը հույս հայտնեց, որ այս անգամ որոշման քաղաքականացումից հնարավոր կլինի զերծ մնալ. ՍԴ-ն կկայացնի իրավական որոշում և պետությանը զարգանալու հնարավորություն կտա: Պատգամավորի խոսքով՝ դրական լուծման դեպքում, ըստ էության, կչեղարկվեն փոքրամասնությամբ կայացված անօրինական որոշումները:
Հարցին՝ արդյոք այս որոշումը կարող է նախադեպային դառնալ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը ավելին է, քան նախադեպը, ավելին է, քան օրենքը:
«Դատարանի որոշմամբ հարցը լուծվում է այնպես, ինչպես կլուծվեր օրենքով, ավելին՝ եթե օրենքը ԱԺ-ն կարող է փոխել, այս որոշումը չի կարող, այսինքն՝ ավելի բարձր է, քան օրենքը, ավելին է, քան նախադեպը»,- ասաց նա:
Պատգամավորը խուսափեց կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա դիմումը, սակայն կարծիք հայտնեց, որ կարևոր հարց կլուծվի: Զեյնալյանը նշեց՝ իրենք հուսով են, որ այս որոշմամբ պիտի լուծվի ճգնաժամը, այդպիսի դատական ակտ են ակնկալում:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կկայացվի 15:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ: