Զեյնալյան. ՍԴ որոշմամբ լուծվել է պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքները խախտելու դեպքում բարոյական վնասի հատուցման հարցը
«ՍԴ որոշմամբ լուծվել է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց (հանրային իշխանության մարմինների) կողմից մարդու իրավունքները խախտելու դեպքում բարոյական վնասի հատուցման և դրա չափի հարցը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նա նաև նշել է. «ՍԴ որոշմանը, իրավական հիմնահարցի լուծմանը, որ կայացվել է 07.11.2017թ, ձգտել եմ 2004թ-ից, պլանավորել եմ 2006թ-ին, սկսել եմ 2011թ-ին. … կարող է երկար թվալ, սակայն, երբ պլաններումդ տասնյակ այդպիսի հիմնահարցեր են ու տարիներ առաջ դրանց իրագործումը սկսել ես՝ պարբերաբար ստացվող արդյունքները տարիների վրա բաշխելու դեպքում՝ նոսր չի ստացվում:
Այս գրառմամբ ցանկանում եմ բոլորին փոխանցել այդ բանաձևը, համբերատարությունն ու նպատակին հասնելու կամքը, նպատակասլացությունը. Մենք կարող ենք մեր առջև անհավանական, ֆանտաստիկ նպատակներ դնել և իրագործել, հասնել դրանց:
ՍԴ որոշման արդյունքը բոլորինս է, վերցրեք բանաձևը և ստեղծեք արդյունք՝ ձեր և մեր բոլորի համար»:
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Զեյնալյանը նշեց, որ որոշման մասին կխոսեն առաջիկայում հրավիրելիք ասուլիսում: