Թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը մերժվել է
Թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել և մերժել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նախագահ Գևորգ Օհանյանը՝ հավելելով, որ այլ ընտրատեղամասերից դիմում-բողոքներ չեն ստացել։
«Որևէ հիմք չկար, երեկվա նիստում դիմումը մերժել ենք։ Համայնքի նոր ընտրված ղեկավարը Նորաին Հակոբյանն է։ Զանգել ենք Գոռ Հունանյանին, տեղյակ ենք պահել, որ նիստ ենք գումարում, բայց նա հրաժարվել է, չի ցանկացել մասնակցել նիստին։ Ասել ենք՝ գոնե մարդ ուղարկիր, նիստի արձանագրությունը քեզ ուղարկենք, դա էլ չի ցանկացել»,- տեղեկացրեց Գևորգ Օհանյանը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան