Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ
«Մեր ավիաուղիները թանկ են՝ երեք հիմնական պատճառներով»,- այս մասին այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Պատգամավորը մանրամասնեց, որ թանկ լինելու հիմնական պատճառներն են՝ օդի հարկը, ավիավառելիքի գները և «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները։
«Այս ուղղություններով աշխատանքներ է պետք անել, ինչպես նաև պետք է սեփական ավիափոխադրող ունենալ»,- ասաց Արամ Սարգսյանը։
Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվաչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Օդի հարկը հանել ենք Գյումրիի օդանավակայանից, և հարաբերական առավելություն Գյումրին ունի։ Ինչ վերաբերում է վառելիքի գնին, ապա մեր օդանավակայանը գնում է միջազգային շուկայից՝ ոչ մեկ աղբյուրից, այդ թվում՝ Բուլղարիայից, Իրանից, Ռումինիայից։ Վառելիքի գնի տեսանկյունից տարբերությունը կազմում են միայն տրանսպորտային ծախսերը, որոնք հնարավոր չէ չեղարկել։ Իսկ սպասարկման գների մասով միանշանակ չի կարելի ասել, որ դրանք բարձր են բոլոր հնարավոր պայմաններում, այդպես չէ, դրանց մեջ կա բազմազանություն, կախված է նաև նրաից, թե որ ավիաընկերությունը ինրչպիսի հաճախականությամբ, որ ժամերին է օգտագործում, և այստեղ շատ հաճախ կապ ունեն, թե ինչքան ուղևոր են հավաքում և այլն»։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, ունի ազգային փոխադրող, ինչը դե ֆակտո պետականության ատրիբուտ է. «2013-ին Հայաստանը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն: Այս 4 տարիների ընթացքում ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում և որքանո՞վ է այս իրավիճակը համապատասխանում մեր ստրատեգիական շահերին»։
Փոխվարչապետն ասաց, որ իր տեղեկություններով Վրաստանն ազգային փոխադրող չունի, կան վրացական ավիաընկերություններ, բայց ազգային փոխադրող չունի:
«Սա ևս կարևոր էր իրենց շուկան ակտիվացնելու տեսակետից: Բաց երկնքի քաղաքականության շնորհիվ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում, այս տարի անցած տարվա թռիչքների քանակն արդեն հատել ենք, ունենք 22 տոկոս աճ և եթադրում ենք, որ կրկին կունենանք աճ։ Այսինքն բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների»:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ Թբիլիսիի օդանավակայանից, «Զվարթնոցի» համեմատ, կրկնակիից շատ թռիչքներ են տեղի ունենում և վրացական ավիաուղիները դրա մեջ ունի բավականին մեծ տոկոս. «Բացի այդ, դեպի Մոսկվա չվերթները հավասար բաժանված են վրացական և ռուսական ավիաընկերությունների միջև: Փաստն այն է, որ 27 տարի անկախությունից հետո չունենք շատ թե քիչ կայուն ավիաընկերություն, իսկ վրացիք ունեն, և նրանց չվերթների քանակը կրկնակի է՝ նաև մեր ուղևորներին հաշվին»:
Փոխվարչապետը պատասխանեց, որ Թբիլիսիից թռիչքների քանակի մեծությունը կապված է թե բնակչության թվով, թե աշխարհագրական դիրքով, թե նրանով, որ ազատ քաղաքականությունն ավելի վաղուց էին սկսել, քան Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան