Վստահ եղեք մի բանում. երբ իմ տղան դառնա 18 տարեկան, կգնա բանակ. ԱԺ փոխխոսնակ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարկետման իրավունքի չեղարկման դեմ պայքարող ուսանողներին հորդորում է դադարեցնել հացադուլը: Նման կոչով նա հանդես եկավ այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, որ չի կիսում էմոցիաներին տրված երիտասարդների գործողությունները:
Պաշտոնյան չհամաձայնեց շրջանառվող այն տեսակետի հետ, որ զինծառայության մասին նոր օրենքը նպաստում է երիտասարդների արտագաղթի ծավալների մեծացմանը:
Լրագրողները Շարմազանովից հետաքրքրվեցին՝ սկզբունքի՞ հարց է, որ իշխանությունը չի ցանկանում լսել հասարակության տեսակետը և զիջումների գնալ:
Ի պատասխան՝ հանրապետական գործիչը նշեց. «Սկզբունքի հարց է, աշխարհընկալման և մոտեցման հարց է, որի մասին խոսել ենք ԱԺ ամբիոնից: Ես էլ եմ նախկինում հացադուլ արել, որպես նախկին հացադուլավոր՝ կոչ եմ անում մեր սիրելի ուսանողներին դադարեցնել հացադուլը»:
Իսկ կարելի՞ է վստահ լինել, որ օրենքի փոփոխությունից հետո օլիգարխների որդիները կգնան բանակ, հարց ուղղեցին լրագրողները: Էդուարդ Շարմազանովը խոստացավ. «Վստահ եղեք մի բանում. երբ իմ տղան դառնա 18 տարեկան, կգնա բանակ: Ես իմ տղայի համար կարող եմ ասել, ամեն ծնող իր երեխայի համար է պատասխանատու»:
Հաջորդ հարցին՝ 18 տարեկան երիտասարդն այդ ի՞նչ ձեռքբերումներ պետք է ունենա, որ կարողանա բացառիկության կարգով օգտվել տարկետման իրավունքից, ԱԺ փոխնախագահը պատասխանեց՝ բացառիկ խելացի երիտասարդներ դիտվել և տարկետման իրավունքից օգտվել կարող են, օրինակ, միջազգային օլիմպիադաներում առաջին տեղ գրաված աշակերտները:
«Սա կարող է չափորոշիչներից մեկը լինել: Այդ չափորոշիչների համար կա աշխատանքային խումբ, որի ձևավորմանը մենք առաջարկել ենք մասնակցել նաև մեր ուսանողներին: Միջազգային օլիմպիադաներում է երևում՝ ով է բացառիկ, ով՝ ոչ: Այնտեղ հաստատ քավոր, սանիկ, հոպար, պապա, օլիգարխ հասկացությունները չեն ազդում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
- Իշխանությունը կհասկանա՝ տարկետման հարցը չլուծել չի կարելի. Վարդան Բոստանջյան
- Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին