Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների համար նոր շփումների հնարավորություն ստեղծել. Արա Բաբլոյան
Համագործակցելով ԵՄ հետ՝ Հայաստանը պատրաստ է հնարավորություններ ստեղծել իր ԵԱՏՄ գործընկերների համար՝ բացելով դռները նոր շփումների և արդյունավետ փոխգործակցության առջև: Նոյեմբերի 21-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի: Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությանը:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսը շուրջ ութսուն պայմանագիր և համաձայնագիր են ստորագրել, մասնավորապես, տնտեսության, առևտրի, գիտության, առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: Բաբլոյանի խոսքով՝ ԵԱՏՄ հարթակը նոր հեռանկարներ է բացում անդամ երկրների առջև:
Բոլեսլավ Պիրշտուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, նշել, որ թեև տնտեսական համագործակցությունը խորհրդարանական տիրույթում չէ, սակայն մեծ է ցանկությունը՝ նպաստելու առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը: Բելառուս խորհրդարանականը կարևորել է համագործակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, անասնաբուծության, տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ պետք է իրազեկել քաղաքացիներին, կազմակերպել ճանաչողական փոխայցեր: Համագործակցության զարգացման հեռանկարների մասին խոսելով՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ անհրաժեշտ է փոխլրացնել միմյանց՝ ընդլայնելով շփման շրջանակները և փոխգործակցության բնագավառները:
Բելառուսի ԱԺ պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է երկու երկրների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ