Եգիպտական ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել
Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի առաջատար արտահանողներից ու արտադրողներից մեկը՝ Wassef ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ընկերությունը գլխավորող սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆի հետ
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ջոզեֆ Վասեֆը նախարարին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում արտադրություն հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում։
Ներդրողը նշել է, որ իրենց ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝ տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։
Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի կառավարության կողմից ներդրողների համար սահմանված աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։
Ջոզեֆ Վասեֆի խոսքով՝ հայաստանյան աշխատուժը աշխարհում լավագույններից է և հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։
Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախնապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները: