Այլընտրանքային Նոբելյան մրցանակի կազմակերպիչները կոչ են անում չեղարկել Իսմայիլովայի ճամփորդության արգելքը
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան չի կարողանում երկիրը լքել և ստանալ շվեդական «Right Livelihood Award Foundation» հիմնադրամի կողմից պարգևատրված «Ճիշտ ապրելակերպի մրցանակ»-ը, որը հաճախ անվանում են նաև այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Այս մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։
«Right Livelihood Award Foundation» հիմնադրամի գործադիր տնօրեն Օլե վոբ Ւոեքսկուկը կոչ է արել չեղարկել այդ արգելքը, քանի որ դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում տեղի է ունենալու մրցանակաբաշխություն։
«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հրապարակային հայտարարությամբ հանդես գալ Իսմայիլովայի ճամփորդության արգելքի չեղարկման վերաբերյալ, նրա բանկային հաշիվների ապասառեցման և նրա ու նրա գործընկերների՝ ադրբեջանցի լրագրողներին թույլ տալ առանց ահաբեկման, անխոչընդոտ միջավայրում աշխատել»,-նշված է «Right Livelihood Award Foundation» հիմնադրամի գործադիր տնօրենի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Իսմայիլովան իր սերնդի մեջ ամենախիզախ ու հմուտ հետաքննող լրագրողն է։ Խադիջա Իսմայիլովան իր հերթին նշել է, որ նա միակ լրագրողը չէ Ադրբեջանում, ով ճամփորդության արգելքի դեմ առ դեմ է կանգնում, այլ տեսակի կտտանքներ են կիրառվում լրագրողների հանդեպ։
«Այս չարիքի արմատը կաշառակերությունն է և այն սահմաններ չի ճանաչում, այն ներխուժում է Եվրոպայի սիրտ»,-նշել է վերջինս՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում կոռումպացված քաղաքական գործիչների և մարդու իրավունքների ոտնահարողների հանդեպ։