«Sur in English». Հայաստանի հյուրընկալության մասին անհնար է մոռանալ
«Sur in English» պարբերականի հոդվածագիր Էնդրյու Ֆորբսն անդրադարձել է Հայաստանին և Արցախին՝ ներկայացրելով պատմությունը, մշակույթն ու խոհանոցը:
Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաքն ազդեցիկ մշակույթ ունի, իսկ նրա հյուրընկալության մասին անհնար է մոռանալ։ Անդրադառնալով հայկական խոհանոցին, վերջինս նշել է, որ այն հիասքանչ է։
«Հայերը շատ են հպարտանում իրենց խոհանոցով և, սեփական փորձից ելնելով, կասեմ, որ տոլման ու ժենգյալով հացն ամենահամեղն են աշխարհում։ Հայաստանում գտնվելու ժամանակ պետք է պատրաստ լինել բազմաթիվ կենացների։ Ընկերների հետ սեղանի շուրջ լինելու ժամանակ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել կենացներին։
Հայաստանում հարուստ մշակութային վայրեր կան, որոնք զբոսաշրջիկներին գրավում են։ Ամենատպավորիչը 9-րդ դարի Տաթևի վանքն է»,-գրել է վերջինս։
Էնդրյու Ֆորբսն այցելել է նաև Մատենադարան ու գրել, որ այն հետազոտական կենտրոն է՝ հայերենով գրված հազարավոր հնագույն գրքերի, մատյանների, ձեռագրերի ու փաստաթղթերի պահոց, որտեղ եղած նմուշներից շատերը պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Նա նաև Ծիծեռնակաբերդ է այցելել՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Առնվազն 6 ժամվա ճանապարհից հետո Արցախի հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ հասնելուց հետո, ամենևին էլ չի առաջանում զգացում, որ սա հակամարտության գոտի է»,- գրել է վերջինս։
Արցախի տեսարժան վայրերի շարքում Ֆորբսն առանձնացնում է Գանձասարի վանքը, որը քրիստոնեական ճարտարապետության հին օրինակ է։
«Արցախը ժամանակի մեջ կորած երկիր է: Տպավորիչ այցելությունից հետո կարող եմ ասել, որ Երևանն ու մյուս վայրերն առաջարկելու այնքան բան ունեն։ Ես վայելեցի Երևանին հատուկ սրճարանային առատությունը, պատկերասրահների ու թանգարանների հարուստ ժառանգությունը, հրաշալի խոհանոցն ու մարդկանց հյուրընկալությունը»,-գրել է վերջինս։