Հայաստանը միջազգային հարթակներում Պակիստանի դեմ հակակշիռներ պետք է ստեղծի. Սուրեն Սարգսյան
Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը համոզված է՝ Աֆղանստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Հայաստանի համար՝ մանավանդ մեր երկրի նկատմամբ Պակիստանի անբարյացկամ վերաբերմունքի ֆոնին։
«Հայտնի է, որ Պակիստանը, որպես ատոմային զենք ունեցող պետություն, լարված հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ։ Այդ խնդիրները ոչ թե երկկողմ, այլ ըստ էության բազմակողմ բնույթ են կրում, որովհետև ԱՄՆ-ը Պակիստանին ուղղակիորեն մեղադրում է Աֆղանստանի տարածքում «Ալ Քաիդային» աջակցելու մեջ։ Սա նշանակում է, որ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում մենք կարող ենք լուրջ աջակցություն ցուցաբերել Միացյալ նահանգներին։ Հայաստանը կարող է ներգրավել ահաբեկչության դեմ պայքարում, ինչը միաժամանակ ուղղված կլինի Պակիստանի դեմ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը, միջազգային հարաբերությունների մասնագետի խոսքով, հեռանկարային է հատկապես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։
«Ի տարբերություն Աֆղանստանի, ուր ամենօրյա ռեժիմով մարտական և ահաբեկչական գործողություններ են ծավալվում, Հնդկաստանը քաղաքական այլ իրավիճակում գտնվող, զարգացող պետություն է։ Հնդկաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը պետք է խորացնենք, որովհետև Պակիստանի դեմ աշխատող միակ գործոնը հենց այդ երկիրն է»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
Երրորդ ուղղությունը, որով ըստ Սուրեն Սարգսյանի կարելի է հաջող փոխգործակցություն իրականացնել Հնդկաստանի և Աֆղանստանի հետ, միջազգային հարթակներում Պակիստանի դեմ հակակշիռներ ստեղծելն է։
«Պետք է առավել խորացնենք մեր կապերը հատկապես Աֆղանստանի հետ, որի հետ շփման շատ քիչ եզրեր ունենք։ Ունենալով ընդհանուր թշնամի՝ Պակիստանը, պետք է ուժերը կենտրոնացնել այդ երկրի դեմ պայքարում։ Եթե նույնիսկ Թուրքիան և Ադրբեջանը ճանաչել են Հայաստանը, Պակիստանն ընդհանրապես հրաժարվում է մեր երկիրը միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչել։ Պակիստանը հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ ի աջակցություն եղբայրական Ադրբեջանի»,- ամփոփեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետը։