Դատախազություն. Կազմվել են կեղծ անտառխախտման արձանագրություններ
Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր:
Գլխավոր դատախազությունից հայտնում ենմ որ այդ հրապարակումների կապակցությամբ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի և Գյուլագարակի անտառպետությունների պահաբաժիններում իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված հաճարենի ու բոխի տեսակի ծառերի կոճղեր:
2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի անտառհատումները կանխելու և ի հայտ բերելու ուղղությամբ, ժամանակին չի հայտնաբերվել և չի արձանագրվել 98 ծառերի ապօրինի հատման փաստը: Հիշյալ ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 7.167.000 ՀՀ դրամի վնաս:
2016 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով պետությանը էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Քրեական այս գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահ Կ. Բ.-ն 2015 թվականի ընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով պատշաճ կարգով չի վերահսկել պահաբաժնի տարածքը, որի պատճառով ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից հիշյալ պահաբաժնից ապօրինի հատվել են ընդհանուր 45 ծառեր, որի արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է էական գույքային՝ ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամի վնաս:
Դրանից հետո Կ. Բ.-ն իր պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը կոծկելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասը անձամբ չհատուցելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր 2 ծանոթներին՝ որպես իր կողմից հայտնաբերված անտառխախտողների ներկայացրել է «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հայտնել, թե իբր հայտնաբերել է անտառխախտներին: Կազմվել են կեղծ անտառխախտման արձանագրություններ, այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք և չարաշահվել պաշտոնեական լիազորությունները:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պարզվել է նաև, որ քաղաքացի Հ. Մ.-ն, Կ.Բ-ի խնդրանքով, նրան, որպես ծանոթի օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2015 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բ.-ի հետ ներկայացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հաստատել Կ. Բ.-ի հայտնած այն տեղեկությունը, թե իբր Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնից բոխի և հաճարենի տեսակի թվով 7 ծառերը ինքն է ապօրինի հատել: Օժանդակելով Կ. Բ.-ի պաշտոնեական կեղծիք կատարելուն, նա ստորագրել է կեղծ անտառխախտման արձանագրությունը:
Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արաքը կատարելու համար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետ Հ. Խ.-ն և նույն անտառպետության 15-րդ պահաբաժնի անտառապահ Հ. Ք.-ն 2015 թ. ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրեց պարտականությունները պատշաճ չեն կատարել, պատշաճ հսկողություն չեն իրականացրել բոլոր տեսակի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու համար, պահաբաժնի ամբողջ տարածքում տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել՝ այն թողնելով առանց հսկողության: Արդյունքում մի խումբ անձինք, օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր թվով 53 ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով էական գույքային՝ ընդհանուր 5.247.000 ՀՀ դրամի վնաս: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապետին և անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, վերջինիս օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը կալանավորվել է
- Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
- Ինչքան ՊՈԱԿ-ներին շատ կրճատենք, այնքան անտառահատումները կպակասեն. Գյուղնախարար