Երկվորյակ եղբայրները դարձել են աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատերերը
Թեյլոր և Քեմերոն Ուինքլվոս երկվորյակ եղբայրները դարձել են աշխարհում առաջին միլիարդատերերը` վաստակելով իրենց կարողությունը բիթքոինով: Նրանց է պատկանում կրիպտոարժույթի՝ բիթքոինի 1%-ը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Telegraph-ին:
Ըստ աղբյուրի՝ նրանք չեն պատրաստվում վաճառել իրենց թվային ակտիվները՝ համարելով, որ դրանք երկարաժամկետ ներդրումներ են և կանխատեսվում է բիթքոինի արժեքի ավելացում մինչև 40 հազար դոլարի չափով:
Ուինքլվոսները բիթքոինները գնել էին Ցուկերբերգից շահած գումարով: Եղբայրները «ConnectU» սոցիալական ցանցի հիմնադիրներն են և տարիներ առաջ դատի էին տվել Մարկ Ցուկերբերգին՝ պնդելով, որ նա Facebook սոցկայքի գաղափարն իրենցից է գողացել: Արդյունքում, 2008-ին նրանք խաղաղության պայմանագիր են կնքում, Ցուկերբերգը եղբայրներին վճարում է 65 միլիոն դոլար: Թվում էր, թե եղբայրների պատմությունն այդպես էլ կավարտվի:
Սակայն 2013 թվականին Ուինքլվոսները գնում են 11 միլիոն դոլարի գաղտնարժույթ: Այդ ժամանակ մեկ բիտքոինն արժեր 120 դոլար: Մինչ օրս բիթքոինի արժեքը գրեթե հարյուրապատկվել է:
Երկվորյակ եղբայրները սպորտում նույնպես նվաճումներ են ունեցել: Նրանք զբաղվել են թիավարությամբ: Սպորտում նրանց գլխավոր նվաճումներն են 2008 թվականի Համաամերիկյան խաղերի ոսկե մեդալը և մասնակցությունը Պեկինի Օլիմպիական խաղերի եզրափակչին: