Տիտուշկանե՞րն են շրջափակել NewsOne հեռուստաընկերության շենքը
Ուկրաինական «NewsOne»-ի հեռուստաընկերության խմբագրությունը շրջափակել են զինվորական հագուստով անհայտ անձիք: Նրանք փշալարարերով փակել են խմբագրության մուտքն ու բեռնատարով տարբեր պարկեր են բերել։ Այս մասին տեղեկացնում է Russia Today լրատվական գործակալությունը։
NewsOne-ի տնօրեն, Վերին Ռադայի պատգամավոր Եվգենի Մուրաևը հայտարարել է, որ շենքի մոտ կա մոտավորապես 200 հոգի, իսկ իրավապահ մարմիններն այս առնչությամբ ոչինչ չեն ձեռնարկում։
Արմատականները հեռուստաընկերության տնօրենից ներողություն են պահանջում այն բանի համար, որ նա Մայդանի դեպքերն անվանել էր պետական հեղաշրջում։ Նրանք պահանջում են նաև դադարեցնել ռուսական հաղորդումների քարոզարշավն իրենց եթերով:
Հաղորդավար Դիանա Պանչենկոն ուղիղ եթերի ժամանակ դիմել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին և ՆԳ նախարար Ավակովին՝ պահանջելով արձագանքել արմատականների՝ խոսքի ազատության վրա ճնշում գործադրելուն ուղղված քայլերին և հայտարարել է, որ հեռուստաընկերությունը կշարունակի աշխատանքները, անկախ ճնշումներից։
Ըստ ակտիվիստների հայտնած տեղեկատվության՝ խմբագրությունը շրջափակել են Դոնբասի ուժային գործողությունների վետերան մասնակիցներն ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք նաև պահանջում են մի շարք հաղորդավարների հեռացնել աշխատանքից:
Միխեիլ Սաակաշվիլին NewsOne-ի շենք է այցելել ու հայտարարել, որ հեռուստաընկերությունը միակն է եղել, որ ուղիղ եթերով ներկայացրել է Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիան, իսկ ակտիվիստներին տիտուշկաներ է անվանել (ուկր.՝ тітушки՝ որպես սադրիչ օգտագործվող վարձկան երիտասարդ տղաներին բնութագրող հավաքական տերմին)։
«Դա սատանայի հետ գործարք չէ»,- նշել է վերջինս՝ հավելելով, որ հեռուստաընկերության հետ համագործակցության մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։