Կհորդորեմ, որպեսզի լուրերը պատշաճ լուսաբանեն. Արա Բաբլոյան
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում շարունակում է երկրորդ ընթերցմամբ քննարկել մի շարք նախագծեր: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել, պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել։
«Իրավական նորմը, որը որ փոփոխում ենք և դրել ենք քննարկման, ըստ էության լավացնող է։ Մենք 2017 թվականի շահութահարկի հաշվարկման համար հարկ վճարողներին հնարավորություն ենք տալիս հիմնական միջոցների ամորտիզացիան ծախսերը հաշվարկելիս ընտրություն կատարել մաշվածության հաշվարկման ուղիղ գծային մեթոդի և փուլինգային եղանակի միջև։ Այն դեպքում, երբ որ փուլինգայինը կընտրվի, այդ եղանակի լավացնող նորմ ենք առաջարկում ենթախմբերի ներմուծման իրավական հնարավորություն»,- նշեց փոխնախարարը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյան խնդրեց պատեհ պահին քվերակությամբ հաստատել նախագիծը, քանի որ ենթադրվում է, որ սրանով նոր էտապ է սկսվում բյուջետային գործընթացի, բյուջեի ծրագրավորման և կատարողականի վերաբերյալ։
Այնուհետև երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը։ Հիմնական զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան օրենքում ներկայացված երեք փոփոխություններն ուղղված են փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության բարձրացմանը։
Հարակից զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հավելեց, որ օրենքը միտված է բաց բաժնետիրական ընկերությունների գործունեությունը թափանցիկ դարձնելուն և փոքր բաժնեմաս ունեցող անհատների ազդեցությունը ԲԲԸ-ներում ավելի մեծացնելուն։
Օրակարգում ընդգրկված վերջին հարցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն էր։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախագիծը միտված է համաչափ հավասարակշռություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության երկու կողմերի համար և սահմանափակելու տույժերի ու տուգանքների առավելագույն սահմանները։
Խորհրդարանը քվերակությամբ վավերացրեց վերը նշված չորս օրենքի նախագծերը։
Քվերակությունների ընթացքում վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ իր դժգոհությունը հայտնեց ծրարներով քվերակության պրակտիկայի վերաբերյալ։
«Ցավոք սրտի, ՀՀ-ում ԱԺ հեղինակությունն այդքան էլ բարձր չի, բայց օրինակ լուրերի թողարկումով ցույց են տալիս ցուցատախտակը, որտեղ գրված է 86 կողմ, դուք հայտարարում եք 95 ու ես ներկա եմ եղել մի միջավայրում, որտեղ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք։ Այդ ծրարներով քվեարկության պրակտիկան հակասահմանադրական է։ Ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին», - նշեց Փաշինյանը։
Բաբլոյանն արձագանքեց, որ ամեն անգամ այսուհետ կհնչեցնի, որ պատգամավորներ կան գործուղման մեջ և ձայնի իրավունքը գրավոր փոխանցվել է իրեն։
«Կհորդորեմ, որպեսզի լուրերը պատճաշ լուսաբանեն ու հանրությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի իրավունքը պաշտպանված է և նա կարող է արտահայտել իր կարծիքը քվեարկվող հարցերի վերաբերյալ», - նշեց նա։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ին կացկացվի ԱԺ արտահերթ նիստ։