Կառավարությունը պետք է մեկնաբանի՝ ինչո՞ւ չենք կարողանում կարևոր ռազմավարական ճանապարհները նորոգել. Գորգիսյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում մտքերի փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ մամուլում հրապարակված տեղեկություններին, որ ռուս սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Արաքս գետի վրայով անցնող վթարային հատվածը։
«Պահանջում եմ որևէ կերպ արձագանք և համապատասխան մեկնաբանություն տրվի: Բանն այն է, որ Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու շուրջ 40 մետր երկարությամբ հատված, որը գտնվում է վթարային վիճակում, չի հաջողվում վերանորոգել, որովհետև ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլտվություն տրվի այդ հատվածի համար: ՀՀ ռազմավարական կարևորագույն այդ ճանապարհահատվածի 40 մետրը վերանորոգելու համար այդ համաձայնությունը որևէ կերպ չի հաջողվել ձեռք բերել»,-հայտարարեց պատգամավորը:
Գորգիսյանի խոսքով՝ սա լրջագույն խնդիր է. «Կառավարությունը պետք է ինչ-որ ձևով մեկնաբանի, թե ինչու՞ չենք կարողանում ռազմավարական կարևորագույն ճանապարհները վերանորոգել, ի՞նչ պետք է անենք, որ այսպիսի կախվածություն չունենանք ՌԴ-ից և կոնկրետ ՌԴ զորամասի քմահաճույքներից»։