Ոստիկանություն. Չորս տարի առաջ Հրազդանում ամուսնու սպանության պատվիրատուն կինն է
Չորս տարի առաջ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում տղամարդ էր սպանվել: Ոստիկանությունը հայտարարում է, սպանությունը բացահայտվել է, այն պատվիրել էր սպանվողի կինը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնում են, որ 2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մ. Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից և վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը:
Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մ. Ասատրյանին սպանել է Ս. Ալիխանյանը` Մ.Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց: Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ և ձերբակալվել` Մ. Ասատրյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Ս. Ալիխանյանն այս տարվա սեպտեմբերին սպանվել էր Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում: Ս. Ալիխանյանի սպանության դեպքի մանրամասները հետևյալ հղումով` Հրազդանում կատարված սպանության մանրամասները: Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով: