Ձեռնարկել միջոցներ` հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. Վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ հանձնարարականներ տվեց:
Վարչապետը նշեց, որ 2015 թվականին ընդունվել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը և այս ժամանակահատվածում Կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցմներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում՝ ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները:
Բացի այդ, վարչապետը հանձնարարեց 30-օրյա ժամկետներում՝ ըստ ոլորտի, մշակել հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել Արդարադատության նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող 4 ոլորտային հակառուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումներն ու արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:
«Փաստաթղթի մշակման արդյունքում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, գիտնականներին և այլ շահագրգիռ կողմերին»,- ասաց Կարեն Կարապետյանը: